ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ:
Ապրիլին 22-23-ին կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որը կունենա 500 մասնակից ողջ աշխարհից՝ քաղաքական, հասարակական, հոգեւոր գործիչներ, լրագրողներ, կենտրոնական լրատվամիջոցների խմբագիրներ: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ շատ տպավորիչ կազմ է՝ լինելու են միջազգային կառույցների, պետությունների ներկայացուցիչներ: Ֆորումը հարթակ է՝ խոսելու ոչ միայն եւ ոչ այնքան Հայոց ցեղասպանության, այլեւ ցեղասպանությունների մասին առհասարակ:
ArmenianGenocide100.org-ի փոխանցմամբ, ապրիլի 23-ին կկատարվի Ցեղասպանության զոհերի սրբադասումը: Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջեւ տեղի կունենա սրբադասման արարողությունը, ուղիղ հեռարձակմամբ կապ կհաստատվի աշխարհի խորոշագույն հայկական եկեղեցիների հետ, որտեղ եւս հավաքված կլինեն հայկական համայնքների ներկայացուցիչները: Այդ ծեսը կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, եւ Մայր աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ կհնչեցվի գուժկանը՝ եկեղեցական տագնապի 100 զանգերը միաժամանակ կխորհրդանշեն 100-րդ տարելիցը, որից հետո կազդարարվի լռության րոպե: Վ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ աշխարհի բազմաթիվ ոչ հայկական եկեղեցիներ որոշել են միանալ արարողությանը: Դրան կհետեւի տերունական աղոթքը եւ Սուրբ-Սուրբ երգի կատարումը աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր երգչախմբերի կողմից:
Մեկ ժամ անց՝ 20.30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «SOAD» ռոք խմբի համերգը, որը բաց է հանրության համար: Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ խմբի անդամները երկար տարիներ միասնական համերգներ չէին տալիս, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին հավաքվեցին համաշխարհային շրջագայության համար: «Ընդ որում, նրանք ամբողջը կազմակերպում են ինքնուրույն, պետական հանձնաժողովր գումար չի հատկացնում: Ամբողջ համերգաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը»,- նշել է Վ. Սարգսյանը:
Ապրիլի 24-ի առավոտյան արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Այնուհետեւ տեղի կունենա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության հանդիսավոր վերաբացումը: Առանց ճարտարապետական փոփոխության՝ թանգարանի ցուցադրական ու հետազոտական տարածքը մեծացել է երեք անգամ: «Հատուկ ուզում եմ շեշտել, որ ինչպես եւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դեպքում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերազինումը եւս արվել է առանց պետական միջոցների ներգրավման՝ մասնավոր նվիրատվություններով եւ Փյունիկ հիմնադրամի աջակցությամբ»:
Ապրիլի 24-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա Հավաքական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, կմասնակցեն գրեթե 70 երկրից ժամանող 140 երաժիշտներ: Նրանք հիմնականում Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ձեռք մեկնած, Ցեղասպանությունը ճանաչած երկրներից ժամանած երաժիշտներ են: Նվագախումբը կկատարի վերջին 100 տարվա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, կլինեն պաշտոնական հրավիրյալներ, իսկ համերգը բաց կլինի հանրության համար, վերածննդի գաղափարի խորհուրդով կսկսվի 20:15-ին:
Վիգեն Սարգսյանը ասել է, որ բազմաթիվ միջոցառումներ լինելու են նաեւ հետագայում: Հունիսին Երեւանում տեղի կունենա Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության՝ 2 տարին մեկ անցկացվող հերթական համաժողովը, որին արդեն 300-ից ավել մասնակից է գրանցվել:
Պատասխանելով հիշատակի միջոցառումներին հրավիրվածների մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ հրավիրվել են այն պետություննյերի պատվիրակությունները, որոնց հետ ունենք Ցեղասպանության հետ կապված ընդհանուր պատմություն, կամ ջերմ բարեկամական հարաբերություններ, եւ շատ տպավորիչ արձագանքներ են ստացվել: «Մենք չենք հրապարակում պատվիրակությունների ղեկավարների անունները՝ ելնելով դիվանագիտական արարողակարգի նրբություններից: Դա սովորաբար թողնվում է ժամանող հյուրի հայեցողությանը՝ երբ եւ ինչպես հրապարակել տեղեկությունը: Գիտեք, որ արդեն եղել են հրապարակումներ, բայց պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ բավականին տպավորիչ կազմ է լինելու: Մեզ համար կարեւոր է, որ այստեղ լինեն մեր ձայնը լսող ու լսելի դարձնող մեր գործընկերները, ովքեր հասկանում են, թե ինչու է Ցեղասպանության տարելիցը այդքան կարեւոր ՀՀ եւ հայ ժողովրդի համար»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը: